samedi 4 juillet 2009

Նոր էլիտայի անհրաժեշտությունը

Նոր էլիտայի անհրաժեշտությունը

Հայաստանի նորագույն պատմության մեջ /երրորդ հանրապետության շրջան/, երեք անձ հնարավորություն ունեին դառնալու մեր պատմության խոշորագույն դեմքը, դասվելու համաշխարհային առաջնորդների շարքին : Այդ անունները քաջածանոթ են. Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան : Սակայն նրանք նախընտրեցին լինել ապաշնորհ ղեկավարներ, խամաճիկներ մի խումբ օլիգարխների ձեռքին, հակաժողովրդավարներ : Հայաստանին անհրաժեշտ է անհապաղ ազատվել այս երեքից ու նրանց շուրջ ձևավորված էլիտաներից /այս բառը ես այնքան էլ չեմ սիրում/ :
Սկսենք առաջին նախագահից : Լ. Տեր-Պետրոսյանը և նրա թիմը իշխանության եկան համաժողովրդական ալիքի վրա, նրանց քարոզչական հնարքները կրկնվում են նաև այսօր. համատարած շանտաժ /մեզ հետ չես դավաճան ես, տականք ես/, զանգվածների զոմբիացում, սուտ փաստերի վրա կառուցված վերլուծությունների առատություն, նվիրական զգացմունքների շահարկում, հասարակության մեջ ատելության սերմանում և այլն : Ժամանակի կոմունիստական ղեկավարությունը բավականին թույլ գտնվեց հակազդելու այս ամենին և համարյա դիմադրություն ցույց չտվեց : Արդյունքում իշխանության եկավ առաջին նախագահն իր թիմով, ի դեպ ՀՀ պատմության մեջ միակ լեգիտիմ /ժողովրդի և ընդդիմության կողմից ընդունելի/ ընտրությունների /1990թ. մայիսի խորհրդարանական և 1991թ. հոկտեմբերի նախագահական/ միջոցով : Թվում էր, թե կատարվել է հայոց իղձը և ժամանակն է կերտել նորանկախ հանրապետությունը, ի մի բերել բոլոր հայկական էլիտաների /նախկին կոմունիստական իշխանությունների, տեխնոկրատ մտավորականության, սփյուռքի/ ջանքերը, վերականգնել երկրաշարժից ամայացած երկիրը և հաղթել պատերազմում : Ժողովրդի ոգին այդժամ բավական բարձր էր այս ամենը շատ արդյունավետ կազմակերպելու համար : Սակայն պարոն Տեր-Պետրոսյանի թիմը արհամարհեց մյուս էլիտաներին, քաղքենիական ինքնավստահությամբ միանձնյա ստանձնեց երկրի կառավարումը և շատ կարճ ժամանակում Հայաստանը գլորվեց աշխարհի ամենաաղքատ պետությունների շարքը : Կարծում եմ դրա պատճառը շոկային թերապիան էր, որ օգտագործվեց մեր տնտեսության մեջ, ապաշնորհ սեփականաշնորհումը, մասնավորապես կոլեկտիվ և խորհրդային տնտեսությունների ոչնչացումը և հողի հապճեպ սեփականաշնորհումը, արդյունքում տեղի ունեցավ գյուղտեխնիկայի թալան և օտարում հանրապետությունից, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների արտադրության աննախադեպ անկում : Լևոն Տեր-Պետրոսյանն իր 2007թ. նախընտրական ելույթներից մեկում նշում է. « Եթե ժամանակին չիրականացվեր հողի սեփականաշնորհումը, ապա գյուղական նոմենկլատուրան թալանած կլիներ կոլխոզների ու սովխոզների սեփականությունը (ինչպես տեղի ունեցավ այլ հանրապետություններում), եւ Հայաստանը ցրտից ու մթից բացի անխուսափելիորեն կմատնվեր նաեւ սովի։ Այդ պարագայում, ինքնըստինքյան հասկանալի է, ոչ միայն կվտանգվեր մեր երկրի գոյությունը, այլեւ անհնար կդառնար թե՛ պատերազմի հաղթական ավարտը, թե՛ Արցախի ազատագրումը։ Ուստի, եթե այսօր Հայաստանը կանգուն է, եթե այսօր Արցախն ազատ է, ապա դրա համար մենք առաջին հերթին պարտական ենք սեփականատեր հայ գյուղացու առայժմ չգնահատված սխրանքին։ » /Ազատության հրապարակում 2007 թվականի դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից/ : Այս բացատրությունն ուղղակի քմծիծաղ է առաջացնում. կոլխոզների ու սովխոզների գույքը թալանվեց դրանց սեփականաշնորհումից հետո, երբ հսկայական տեխնիկան և այլ միջոցները հայտնվեցին անհատների ձեռքին /հիմնականում կոլխոզ-սովխոզների նախագահների/ ու շատ դեպքերում վաճառվեցին Իրան ու Թուրքիա, հաճախ որպես մետաղի ջարդոն : Գյուղացին մնալով մենակ, ի վիճակի չեղավ կազմակերպել արդյունավետ արտադրություն, ինչի հետևանքով էլ 1990-ականների սկզբին Հայաստանը չկարողացավ ապահովել սննդային անվտանգությունն ու երկիրը կանգնեց սովի եզրին : Այս թեման ինձ շատ հոգեհարազատ է, քանզի իմ հայրենի գյուղի օրինակով տեսել եմ գյուղատնտեսության քայքայումն ու աստիճանաբար վերացումը, ինչի արդյունքում հետագայում շատ գյուղացիներ սկսեցին հրաժարվել իրենց հողակտորներից : Սակայն ես զերծ եմ մնում տնտեսագիտական այլ վերլուծություններից հոդվածս հրապարակախոսական ժանրի մեջ պահելու համար :
1995-1996 թվականների ընտրությունները ճակատագրական եղան Հայաստանի համար : Զանգվածային ընտրակեղծիքների միջոցով իշխանության վերարտադրությունը հետայսու դարձավ կենսակերպ հայաստանյան վարչակարգերի համար : Լևոն Տեր-Պետրոսյանը բավականին թույլ գտնվեց այդ ամենը բացառելու, Հայաստանի ժողովրդավարական կերպարը պահպանելու համար : Հայաստանում վերջնականապես ձևավորվեց « ավազակապետական » կառավարումը, որի պարագլուխը դարձավ առաջին նախագահը : 
Ավազապետական վարչախումբը իր ընդիմախոսներին վերացնելու համար դեռևս 1990-ականների սկզբից օգտագործեց ահաբեկչությունը` ընդդիմադիր գործիչների և նրանց հարազատների սպանությունների, բանտարկությունների, հանրապետությունից արտաքսելու և այլ ձևերով:
Ձևավորվեց օլիգարխիա` իշխանության հետ սերտ կապեր ունեցող գործարարների դաս: Սրանք կամ իշխանական կառույցների մեջ էին, կամ էլ խնամիական ու քավոր- սանիկական կապեր ունեին երկրի առաջին դեմքերի հետ: Վառ օրինակը` Սուքիասյանների ընտանիքը: Տեղի ունեցավ մի շարք խիստ եկամտաբեր ոլորտների բաշխում յուրայինների միջև, այդ ոլորտների մոնոպոլիզացիա /դրանք հիմնականում բենզինի, ծխախոտի, դեղորայքի, հացահատիկի ներկրումներն էին, 90-ականների ամենասկզբին Իրանի հետ առևտրի, երկրաշարժի կապակցությամբ Հայաստանին տրվող հումանիտար օգնության թալանի հետ կապված մենաշնորհները և այլն/: Իշխող վերնախավը զերծ չէր մնում նաև քաղքենիական հաճույքներից. հսկայական միջոցներ էին ծախսվում, օրինակ, մեքսիկական սերիալի հերոսուհուն Հայաստան հրավիրելու համար և այն էլ երկրի թշվառության ֆոնի վրա:
Արդյունքում ձևավորվեց օլիգարխակլանային, ոչ ժողովրդավար մի պետություն, որն արդեն խիստ խոցելի մի կառույց էր: Սրան կարելի է ավելացնել երկրի առաջին որոշ դեմքերի և հատկապես առաջին նախագահի ժողովրդից հեռանալու, պարտվողական և նիհիլիստական կեցվածք ընդունելու փաստը /տես թեկուզ Լ. Տեր-Պետրոսյանի « Պատերազմ թե խաղաղություն » հոդվածը/:
Պետք չէ մոռանալ նաև ձեռքբերումները. առաջին հերթին բանակի կազմավորումը: Իշխանություններին հաջողվեց Հայաստան բերել խորհրդային բանակի հայազգի սպայակազմի զգալի մասին, որոնց մեջ հայտնի գեներալներ, տարբեր բանակների, բանակային կորպուսների, օկրուգների և ավելի փոքր ստորաբաժանումների օպերատիվ հրամանատարական պաշտոններում աչքի ընկած զինծառայողներ:
Հաղթանակը պատերազմում և միևնույն ժամանակ արտաքին աշխարհի ճնշումներին դիմանալը նույնպես մեծ ձեռքբերում է: Սա պայմանավորված էր նաև երկու հայկական հանրապետությունների ղեկավարության մեջ առկա լուրջ տարաձայնություններով, որը ակամայից մանևրելու մեծ դաշտ էր բացում: Միջազգային հանրությունը մի կողմից տեսնում էր Հայաստանի ղեկավարության իրական ջանքերը, որը ցանկանում էր հետևել դրսից եկող ազդակներին, հաճախ նաև հրահանգներին /ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտնի բանաձևերը հայկական զորաբաժանումները դուրս բերելու վերաբերյալ/ և սրան հակադրվում էր արցախյան ղեկավարության համառությունը, հաճախ նաև լրիվ հակառակ քայլերը, ինչի շնորհիվ այսօր ունենք ԼՂՀ` 13 հազար կմ2-ով:
Որպես ամփոփում նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չօգտվեց պատմության իրեն տված հնարավորությունից և չեղավ հայոց ժողովրդավարության ճարտարապետը: /Ժողովրդավարություն ասելով հասկանանք իրավական պետություն, որտեղ կա խաղի հստակ կանոններ և օրենքի առաջ հավասարություն` անկախ զբաղեցրած պաշտոնից կամ սոցիալական դիրքից/: Ավելին, նա եղավ այդ ժողովրդավարության սպանողը և ավազակապետական համակարգի հիմնադիրը:

Երկրորդ նախագահ: Ռոբերտ Քոչարյանն իշխանության եկավ այն ժամանակ, երբ կանխատեսվում էր, որ Հայաստանն առանց Արցախի հարցը լուծելու և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու ի վիճակի չէ այլևս ունենալու տնտեսական աճ : Սակայն Քոչարյանի իշխանության 10 տարիներից 7-ի ընթացքում ՀՀ տնտեսությունն արձանագրեց երկնիշ տնտեսական աճ, ինչի արդյունքում երկրի ՀՆԱ-ն անցավ 1989թ. մակարդակից: Ռոբերտ Քոչարյանն ուներ ամենալայն հնարավորությունները Հայաստանը դարձնելու տնտեսապես զարգացած, հարուստ և սոցիալական պետություն: Սակայն 2-րդ նախագահն էլ, առաջինի նման, զարկ տվեց օլիգարխիկ տնտեսության զարգացմանը: Աճեց օլիգարխների թիվը, սրանց ձեռքում էին տարբեր մենաշնորհները, ակտիվացավ սրանց դերը քաղաքականության մեջ /հիշենք միայն Գագիկ Ծառուկյանին և Սամվել Ալեքսանյանին, որպես Քոչարյանի իշխանության խորհրդանիշներ/: Այս ամենը հաճախ ուղեկցվում էր ամենաթողությամբ, արյունոտ բախումներով, վենդետայով, օրենքը բանի տեղ չդնելով: Ստվերային տնտեսությունը դարձավ լուրջ մարտահրավեր ազգային անվտանգությանը, վարչախումբն ու հասարակությունն ամբողջովին կոռումպացված են: Այս նախագահը ևս շարունակեց նախորդի նման արհամարհել մարդու իրավունքները, խոսքի ազատությունը:
Արտաքին քաղաքականության մեջ տարվում էր հետևյալ գիծը. գերտերությունները երբեք համաձայնության չեն գալու ԼՂՀ խնդրի շուրջ, հետևաբար հարկավոր է հավանության տալ բոլոր առաջարկներին, հստակ իմանալով, որ դրանք մերժվելու են Բաքվում : Այսպես փորձ էր արվում կառուցողական կողմի կերպար ձեռք բերել: Արդյունքում` ԼՂՀ-ն դադարեց լինել բանակցությունների կողմ, Հայաստանը հրաժարվեց պաշտպանել իր գույքից ու իրավունքներից զրկված ադրբեջանահայության շահերը, Հայաստանը պատրաստակամություն հայտնեց խոսել տարածքների վերադարձի մասին:
Բոլոր հույսերը, կապված Ռոբերտ Քոչարյանի հետ, ի չիք դարձան: Չնայած իր բավականին ուժեղ բնավորությանը, սկզբունքայնությանը նա ևս չկարողացավ արմատախիլ անել Հայաստանի զարգացումը խոչընդոտող երևույթները, ավելին, նրա օրոք և նրա օրհնանքով այդ երևույթները ծաղկեցին: Պարոն Քոչարյանը ևս բաց թողեց երևելի պատմական դեմք լինելու պատեհությունը:


Սերժ Սարգսյան: Սա բավականին ապաշնորհ ու թույլ դուրս եկավ, քան կարելի էր սպասել : Այն փոքր հույսերը, որ նոր նախագահը կարող է արմատախիլ անել ստվերային տնտեսությունը, վերացնել ոմանց մենաշնորհային դիրքերը, իզուր են: Նոր նախագահը ևս խամաճիկ է օլիգարխների ձեռքին, ի դեպ երրորդ նախագահի դիրքերն ավելի թույլ են, քան իր նախորդներինը : Սա ևս, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը 1996-ի ընտրություններից հետո, լեգիտիմության կենսական պակասություն ունի : Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակի օլիգարխիայի խորհրդանիշ կարելի է ընդունել Ռուբեն Հայրապետյանին, որը նույնիսկ հեռուստաէկրաններից չի թաքցնում, որ նախագահը յուրային է: Սերժ Սարգսյանն այսօր բավականին թույլ է իրեն ձայն ապահոված օլիգարխների շահերին դիպչելու համար : Այս նախագահի օրոք հատկապես ակտիվացել է ուժային կառույցների կողմից քաղաքացիների իրավունքների խախտման դեպքերը :
Արտաքին քաղաքական նոր աշխուժացումը, որը նախաձեռնեց 3-րդ նախագահը, հնարավորինս արդյունավետ օգտագործեց Թուրքիան, իսկ հայկական կողմը կրախի մատնվեց : Այսօր իսկ կարելի է ասել, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ դիրքորոշում չի փոխել: /Աշխարհաքաղաքականության տերմինով ասած Թուրքիան ՀՀ-ի նկատմամբ որդեգրել է անակոնդայի քաղաքականություն : Փակել սահմաները, դժվարացնել մուտքը դեպի նավահանգիստներ և այլ տրանսպորտային հանգրվաններ, նպատակը` աստիճանաբար խեղդել հակառակորդին : Որ ՀՀ-ն այսօր դիտվում է հակառակորդ, կասկած չկա, բոլոր թուրքական կուսակցություններն այս հարցում կոնսեսուսի մեջ են/ : 
Ի տարբերություն 1-ին և 2-րդ նախագահների, Սերժ Սարգսյանը դեռ լիարժեքորեն չի կորցրել իր հնարավորությունը դառնալու պատմական խոշոր դեմք /դեռ 4 տարի կա նախագահական առաջին ժամկետի ավարտին/, բայց կարծում եմ միայն տեսականորեն… Ցավոք սրտի…

Հայաստանին հարկավոր է անհապաղ ազատվել այս երեքի և նրանց շուրջը ձևավորված էլիտաների իշխանությունից : Մեզ նոր էլիտա է պետք, որը կարող է երկիրը դուրս բերել զարգացման որակական նոր փուլ : Ով պետք է լինի այդ էլիտան, որոնք պետք է լինեն նրա խնդիրները :
Շատ դժվար է անուններ տալը : Այս էլիտայի մեջ կարող են լինել նախորդ երեք վարչակազմերում տեխնոկրատական պաշտոններ զբաղեցրածները, որոնք արատավորված չեն, կոռումպացված չեն և պատրաստ են ազնիվ աշխատանքի /մի քիչ իդեալական է հնչում/ : Մեր քաղաքական և քաղաքագիտական դաշտում այնուամենայնիվ կարելի է այդպիսի անունների հանդիպել : Արման Մելիքյան, որն այդքան էլ ծանոթ չէ մեր հասարակությանը /նույնիսկ նախագահական ընտրություններում առաջադրվելը չլուծեց այդ հարցը/, սակայն բավականին հետաքրքիր դեմք է իր կենսագրությամբ, վերլուծություններով /տես շահագործման տեսության և աշխարհաքաղաքական կանխագուշակման մասին պարոն Մելիքյանի աշխատությունը/ և ազնիվ կերպարով :
Սահմանափակվեմ միայն այս մի անունով և անցնեմ խնդիրների թվարկմանը.
-Խաղի հստակ կանոնների սահմանում : Այդ կանոնները պետք է լիեն ՀՀ օրենքները, իրավահավասարությունը առաջին նախապայմանն է նորմալ երկիր կառուցելու համար :
-Բիզնեսի և քաղաքականության անհամատեղելիություն. արդյունքում ազատվել ստվերային տնտեսությունից, մենաշնորհներից, ազատ մրցակցությանը խանգարող այլ արատներից :
-Քաղաքական դաշտի դերակատարների միջև հստակ խաղի կանոնների սահմանում : Ընտրությունների արդարության երաշխավորում, անարդար եղանակներով իշխանության վերարտադրության բացառում :
-Պետության կողմից հայաստանյան և հայկական բիզնեսին աջակցություն: Եվ Խաչատուր Սուքիասյանը, և Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը, և Ռուբեն Հայրապետյանը պետք է հարստանան, զարգացնեն իրենց բիզնեսը, դուրս գան այլ շուկաներ /այլ ոչ թե դառնան բոմժ, ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի մասին/, և այդ ամենում նրանց, և ոչ միայն նրանց, պետությունը պետք է ցույց տա լիարժեք աջակցություն: Սրանց հարկավոր է ամբողջովին բերել հարկային դաշտ և թույլ չտալ, որ համատեղեն բիզնեսը քաղաքականության հետ /օրենքը չի թույլ տալիս/ :
-Ղարաբաղյան հարցում պնդել ադրբեջանահայության իրավունքների վրա, 7 շրջանները դիտել որպես նրանց կրած կորուստների փոխհատուցման միջոց :
-Բիզնեսի գործերում պետության ոչ միայն կարգավորիչ այլև օժանդակող դիրքի ամրապնդում : Հայկական բիզնեսի « ագրեսիա » երկրներ, որտեղ մենք ունենք կենսական շահեր, հատկապես Վրաստան և Ռուսաստան : Այս երկրներում փորձել հակազդել Թուրքիայի և Ադրբեջանի տնտեսական ներխուժումներին, սրա համար կենտրոնացնելով տեղի հայկական ուժերը /տարբեր հիմնադրամների միջոցով վարկավորելով տեղի հայերին բիզնես ծավալելու համար/, օգտագործելով պետական կառույցները և վերլուծական կենտրոնները նշյալ երկրներում տնտեսական հետախուզության և համապատասխան վերլուծությունների համար : Հատկապես կարևոր նշանակություն ունեն Վրաստանի Քվեմո-Քարթլի, Սամցխե-Ջավախեթի, Գուրիա և Աջարիա նահանգները, Ռուսաստանի հյուսիսկովկասյան հանրապետությունները, Ստավրապոլի և Կրասնոդարի երկրամասերը, Ռոստովի մարզը : /Կարելի է օրինակ հետևել ՌԴ ԳԱ անդամ Աբել Աղանբեկյանցի խորհրդին` ծախսել պետական միջոցներ խոշոր հայակական շինարարական կազմակերպություն ստեղծելու համար, ՌԴ-ում թուրքական շին.կազմ.-երի հետ մրցակցելու և ՀՀ-ից աշխատուժի արտահանումը կազմակերպված ձևով անելու համար/ :
Այստեղ ես կախման կետեր կդնեմ, թողնելով հոդվածս կիսատ և սպասելու իմ ընկերների արձագանքներին, մեկնաբանություններին, մտքերին այն շարունակելու համար…

Ստրասբուրգ,

20.05.2009

7 commentaires:

  1. Հայկ Խանումյան

    Հետաքրքիր է իմանալ, թե երբվանից եք բնակվում Ստրասբուրգում, քանի որ ձեր "վերլուծությունից" ուղղակի ճչում է Հայաստանյան իրականությունից կտրված լինելու հանգամանքը:

    Բերեմ օրինակներ.

    - մեզ հետ չես դավաճան ես, տականք ես (երբ ես այսպիսի արտահայտություն լսել, կխնդրեյի մերկապարանոց հայտարարությունների փոխարեն հղումներ բերել)
    - այլ ոչ թե դառնան բոմժ, ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի մասին (դու գոնե տեղյակ ես, թե Տեր-Պետրոսյանը, երբ և ինչ համատեքստում է սրա մասին խոսել? Իմ համոզմամբ` ՈՉ)
    - խաղի կանոնները սահմանելը մի գործ է, իսկ իրականացնելը մեկ այլ: Հիմա ասեք, խնդրեմ, թե ինչպես էք պատրաստվում (կամ տեսնում) դրանց իրականացումը:

    Հ.Գ. Ի միջի այլոց, պատրաստվում եք արդյոք վերադառնալ Հայաստան և իրագործել ձեր վերը բերված պլանները, թե ձեր հոդվածը կարելի է դասել "բարի կամքի դրսևորման" շարքին

    RépondreSupprimer
  2. Շնորհակալություն մեկնաբանության համար,
    Ես Ստրասբուրգում եմ գտնվում 2008-ի սեպտեմբերի 1-ից, սովորելու նպատակով, 2010-ի սեպտեմբերին կլինեմ Հայաստանում: Հայաստանյան իրականությունից կտրված չեմ, որովհետև ակտիվ ձևով հետևում եմ իրադարձություններին, ապրիլի 15 օրով Հայաստանում էի և այլն:
    «Մեզ հետ չես դավաճան ես, տականք ես»- ես խոսել եմ քարոզչական հնարքի մասին, իսկ դրա հիմքը Լևոն Տեր-Պետրոսյանի 2008 թվականի փետրվարյան ելույթներից մեկում արտահայտած հետևյալ միտքն է. «Մենք չենք կասկածում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որևէ մարդ, որը այսօր դեմ դուրս գա ժողովրդին և չկանգնի մեր կողքին: Եթե դա չեն արել, ուրեմն` նրանք մեր ազգի տականքն են:»…/ http://www.hzh.am/Arkhiv/2008/fabruary/2302/2302.html / Այսպիսով առաջին նախագահը ժողովուրդ է անվանում միայն իր կողքին կանգնածներին/համակիրներին, իսկ իր կողքին չկանգնողներին անվանում է ազգի տականք: Սա դասական շանտաժի ձև է, որի մասին կարելի է սահմանումներ գտնել տրամաբանության, հռետորության և քաղաքական տեխնոլոգիաների վերաբերյալ դասգրքերում:
    «Բոմժի» մասին: Իսկ միթե կարևոր է, թե ինչ կոնտեքստով է սա ասվել: Ես խոսել եմ նրա մասին, որ հայ գործարարներին պետք է ցուցաբերվի օժանդակություն,որպեսզի նրանք հարստանան, զարգացնեն իրենց բիզնեսը, դուրս գան այլ շուկաներ, այլ ոչ թե դառնան բոմժ:
    Խաղի կանոնների մասին: Ես խոսում եմ ոչ թե խաղի կանոններ գրելու, այլ խաղի կանոններ սահմանելու մասին: Իրոք դա անելու համար մեծ կամք է պահանջվում, բայց հենց դա կարևոր կլինի Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխություն կատարելու համար: Հայաստանում ձգտում են կառչած մնալ իշխանությանը, որովհետև վախենում են իշխանափոխության դեպքում կորցնել ամեն ինչ: Հենց այս մեխանիզմը պետք է կարգավորվի: ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակի դեպքում հանրապետական էլիտան անցնում է համալսարանական և վերլուծական աշխատանքի, իսկ սրանց հաղթանակի դեպքում էլ դեմոկրատներն են նույնով զբաղվում: Ի դեպ, կուսակցություններից որևէ մեկին հովանավորող ձեռներեցների դեմ արշավներ չեն սկսվում, կամ էլ հաղթած կուսակցությունը չի փորձում վերացնել պարտվածի ֆինանսավորման աղբյուրները: Հայաստանում ևս խաղի այս կանոնները պետք է գործեն: Հայաստանում իշխանության համար պայքարը պայքար է հիմնականում «կերակրատաշտի» համար, այսինքն գալ իշխանության` բիզնես ձեռք բերելու, շահութաբեր ճյուղերը հսկելու համար: 2006-ին, մի անձնական հանդիպման ժամանակ ներկայիս ՀԱԿ ղեկավարներից մեկն ինձ բողոքեց Հայաստանի հանրապետական կուսակցությունից` ասելով, որ իրենց իշխանության տարիներին իրենք ՀՀԿ-ին չեն զրկել իր հիմնական եկամտի աղբյուրից` Հրազդան մարզահամալիրի տոնավաճառից, իսկ հիմա ներկայիս իշխանությունները զրկել են ՀՀՇ-ին ֆինանսավորման գրեթե բոլոր աղբյուրներից:
    Ինչպես եմ պատրաստվում /տեսնում/ խաղի կանոնների իրագործմանը:
    1.Առաջնահերթ խնդիր է Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորումը: Երկար պրոցես է, բայց հարկավոր է միանալ դրան:
    2.Իմ գաղափարները կիսողների, ինձ հետ համամիտ կարող ուժերի «ներմուծում» իշխանական կառույցներ, ընդիմության շարքեր, ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ` այդպիսով մեր գաղափարների քարոզում և իրագործում: Ակտիվ համագործակցություն նույն գաղափարները կիսող անձանց ու ուժերի հետ:
    3. Կարծում եմ, որ միայն 2. Կետով նկարագրված ճանապարհով կարելի է հասնել հաջողության: Հեղափոխականությունը, շանտաժը, հայհոյանքը, զգացմունքայնությունը, անհնազանդությունը ճիշտ ճանապարհ չեմ դիտում: Դա թշնամացնում է հասարակության տարբեր խմբերի, թուլացնում է հասարակությունը, պակասեցնում դիմադրողականությունը մարտահրավերների նկատմամբ, ստեղծում անառաողջ բարոյահոգեբանական մթնոլորտ: Հարկավոր է լինել որոշում ընդունողների /թե լեգիտիմ, թե ոչ լեգիտիմ/ կողքին և ազդել որոշումների վրա:
    Սիրելի բարեկամ,
    Շատ շնորհակալ եմ մեկնաբանության և կառուցողական զրույցի տրամադրելու համար, սպասելու եմ արձագանքիդ:
    Հարգանքներով`
    Հայկ Խանումյան

    RépondreSupprimer
  3. Մենք չենք կասկածում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որևէ մարդ, որը այսօր դեմ դուրս գա ժողովրդին և չկանգնի մեր կողքին: Եթե դա չեն արել, ուրեմն` նրանք մեր ազգի տականքն են:

    Ժամանակը ցույց տվեց այս խոսքերի իրական արժեքը և Տեր-Պետրոսյանը ճիշտ դուրս եկավ: Ու իրոք խաղաղ ցուցարարների վրա կրակոներից և նրանց պաշտպանոներից ոչ ոք արժանապատվություն չունի, իսկ եթե դու այդպես չես կարծում, ուրեմն իզուր ժամանակ չեմ վատնի բանավիՃելով քեզ հետ:

    Ի դեպ, ես այդ խոսքերը սեփական ականջովս եմ լսել և այն ամենևին չի հաստատում քո "մեզ հետ չես դավաճան ես, տականք ես" միտքը: Ինչան էլ, որ քո համար դա զարմանալի թվա, այդ խայծը ասպարեզ է գցվել իշխանական քարոզչամեքենայի կոմից և շատերը այն կուլ են տվել: Եթե դու առաջին ձերքից այն լսեիր (լսելով նայև դրանից առաջ ու հետո ասվող մտքերը ու չկտրեիր դրանղ կոնտեքստից) ու նախապես կողմնակալ տրամադրվածություն չունենայիր, ապա կհասկանայիր այն ինչ իրականում նկատի է ունեցվել: Իսկ նկատի է ունեցվել հետևյալը.

    Հայաստանում չկա արժանապատվություն ու բարոյականություն ունեցող որևէ մեկը, ով կարող է արդարացնել կեղծիքը, ծեծը, բռնությունը, լկտիությունը, սպանությունները, բեսպրեդելը, մարդկանց քվեները գողանալը, մարդկանց գողանալը և կանգնել դրանց իրագործողների կողքին:

    “«Բոմժի» մասին: Իսկ միթե կարևոր է, թե ինչ կոնտեքստով է սա ասվել: Ես խոսել եմ նրա մասին, որ հայ գործարարներին պետք է ցուցաբերվի օժանդակություն,որպեսզի նրանք հարստանան, զարգացնեն իրենց բիզնեսը, դուրս գան այլ շուկաներ, այլ ոչ թե դառնան բոմժ:”

    Շատ կարևոր է թե ինչ կոնտեքստում է ասվել: Դեռ ավելին, ավելի կարևոր է կոնտեքստը, քան թե բուն մեջբերումը: Սա ասելով, դու քեզ դնում ես Հայլուրի հերթական զոհի տեղը, քանի որ Տեր-Պետրոսյանը իրականում ասել է հետևյալը.

    - Հարստության մեծ մասը օլիգարխների ձեռքին է, դա էլ են խլելու նրանցից: Գագիկ Ծառուկյանը թող հասկանա, որ 10 տարի հետո նա բոմժ է լինելու. բոլո՛րը թող հասկանան, Նեմեց Ռուբոն թող հասկանա, Լֆիկ Սամոն թող հասկանա, էլի ուրիշ անուններ կան, ես չեմ հիշում: Մի հոգի հասկացել է, արժանապատվորեն կանգնել է ժողովրդի կողքին, դա Խաչատուր Սուքիասյանն է (http://new.aravot.am/am/articles/politics/35421/view)

    Այսինքն դու նույնիսկ չես էլ փորձել ճշտել, թե իրականում ինչ է իրականում ասել Տեր-Պետրոսյանը ու ընդդիմանում ես մի բանի, որը ըստ քեզ ճիշտ չէ: Դու չէիր էլ կարող ենթադրել, որ Տեր-Պետրոսյանը ասել է հենց այն, ինչ դու ես հիմա ասում:

    Ես էլ քեզ փեշքեշ

    “Գագիկ Ծառուկյանի «բոմժ» դառնալու վերաբերյալ Տեր-Պետրոսյանի կանխատեսման կապակցությամբ, որին իր վերջին հանդիպումների ընթացքում անդրադառնում է Սերժ Սարգսյանը` Արման Մուսինյանն այսօր հստակեցրեց. «Չարենցավանում Տեր-Պետրոսյանը հայտատարել Է` այս իշխանությունների մնալու պարագայում Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը եւ էլի անուններ կան, ես այս պահին չեմ հիշում, դառնալու են բոմժ: Ես զարմանում եմ, որ նախագահի որոշ թեկնածուներ շատ հստակ իմանալով, թե ինչ է ասել Տեր-Պետրոսյանը աղավաղում են եւ ասում, որ Տեր-Պետրոսյանն է նրանց դարձնելու բոմժ»:” http://www.a1plus.am/am/politics/2008/02/5/22538

    Ինչ վերաբերում է ՀՀՇ-ի իշխանությանը: Նախ և առաջ այդ ժամանակ ՀՀԿ-ն նույնպես իշխանության մաս է կազմել և հավասարապես կիսում է և ձեռքբերումները և թերությունները, և ոչ թե ինչպես իրենք են ասում, միայն ձեռքբերումները: Ի վերջո, եթե դեռ չգիտես և Քոչարյանը և Սարգսյանը ջանք չէին խնայում ՀՀՇ վարչության անդամ դառնալու համար (նույնիսկ հայտնի մուկը, Տիգրան Թորորսյանը և Արթուր Բաղդասարյանը)

    Հիմա ՀԱԿ-ի մասին: ՀԱԿ-ը ՀՀՇ-ն չէ, ինչքան էլ, որ Հայլուրը և որոշ տպաքանակ չունեցող օրաթերթեր այդպես փորձեն ներկայացնել: ՀԱԿ-ը դա նրա բազմահազար անդամներն են ու որակապես այլ ներքին ժողովրդավարություն ունեցող (դեռևս կայացման փուլում գտնվող) կառույց:

    RépondreSupprimer
  4. Իսկ ինչ մնում է, քո թվարկած քայլերին, ապա դրանք ավելի շատ կամ բարի կամքի դրսևորում են ներկայացնում իրենցից կամ էլ CIA-ի մի ամբողջ ստորաբաժանման աշխատանքային պլան: Կներես, բայծ ընդհանրապես լուրջ չի հնչում:

    Ինչ է նշանակում “Իմ գաղափարները կիսողների, ինձ հետ համամիտ կարող ուժերի «ներմուծում» իշխանական կառույցներ, ընդիմության շարքեր, ԶԼՄ-ներ, ՀԿ-ներ”

    Էդ ոնց ես ներմուծելու??? Չես վախենում որ КГБ-ն իրոք կներմուծի իր անհամար ստրուկ գործակալներին քո համակիրների շարքեր, այլ ոչ թե` հակառակը:

    Ի միջի այլոց մի մեջբերում էլ Տեր-Պետրոսյանից

    “Համաժողովրդա­կան շարժման կամ Հայ ազգային կոնգրեսի բառապաշարում իսպառ բացակայել եւ այսուհետեւ եւս բացակայելու են գրոհ, ապստամբություն, հեղափո­խություն հասկացությունները։ Եթե այս հասկացություններն են կազմում քաղաքական ուժերի վճռականության մասին պատկերացման հիմքը, ապա մենք կտրականապես մերժում ենք այդպիսի վճռականությունը։” http://levonpresident.am/?catID=127&contID=429

    RépondreSupprimer
  5. Քաղաքացի

    Մենք չենք կասկածում, որ Հայաստանում կգտնվի արժանապատվություն ունեցող որևէ մարդ, որը այսօր դեմ դուրս գա ժողովրդին և չկանգնի մեր կողքին: Եթե դա չեն արել, ուրեմն` նրանք մեր ազգի տականքն են:

    Ժամանակը ցույց տվեց այս խոսքերի իրական արժեքը և Տեր-Պետրոսյանը ճիշտ դուրս եկավ: Ու իրոք խաղաղ ցուցարարների վրա կրակողներից և նրանց պաշտպանողներից ոչ ոք արժանապատվություն չունի, իսկ եթե դու այդպես չես կարծում, ուրեմն իզուր ժամանակ չեմ վատնի բանավիՃելով քեզ հետ:

    Նախ, ժողովուրդը միայն 1-ին, 2-րդ կամ 3-րդ նախագահի համակիրները չեն, ժողովուրդը նաև հակաժովրդավարական, օլիգարխիկ, հանցավոր ռեժիմներից /Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի թե Սերժ Սարգսյանի տեսքով/ զերծ Հայաստան ցանկացողներն են: Նայի խոսքի կառուցվածքին. «… դեմ դուրս գա ժողովրդին և չկանգնի մեր կողքին», այսինքն իրենց կողքին չկանգնելը նշանակում է դուրս գալ ժողովրդի դեմ, լինել տականք: Աստված խոսքերի հեղինակի հետ:
    Մարտի 1-ը հսկայական ողբերգություն է: Ես այդ գիշերը եղել եմ Մաշտոցի պողոտայի սկզբնամասում և ապա Մյասնիկյանի արձանի մոտ, նույնիսկ բջջայինովս վիդեոներ եմ արել: Ես նույնպես /ինչպես այնտեղ գտնվող ամեն մեկը/ կարող էր դառնալ զոհ: Ատելության զոհ: Ի դեպ զոհեր են ոչ միայն սպանված 10-ը, այլ նաև նրանց սպանողները: Նրանք կրակել են իրենց եղբայրների վրա: Մեր հասարակությունում իշխել է ատելությունը, որի համար պատասխանատու ու մեղավոր են 3 իշխանությունները: Ո՞վ է մեղավոր մարտի 1-ի համար: Ես եմ մեղավոր: Որովհետև իմ եղբայրներն ու քույրերն իրար դեմ գնացին, իսկ ես չկարողացա ոչինչ անել:

    RépondreSupprimer
  6. Ես փետրվարյան հանրահավաքների ժամանակ եղել եմ Ազատության հրապարակում, բոլոր 10 օրերին, թե գիշերը, թե ցերեկը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ վրաններում ապրող ընկերներ ունեի, այլ որովհետև գլխավոր քաղաքական իրադարձություններն այնտեղ էին ծավալվում: Հետևաբար առաջին աղբյուրից եմ լսել ամեն ինչ /բայց լսելը քիչ է, հետո կարդում ես նույն ելույթը, փորձում հասկանալ բոլոր նրբերանգները/: Ինչ վերաբերվում է «տականքին»: Չեմ կիսում քո կարծիքը /ինչի համար դու կարող ես իհարկե չբանավիճել այլևս ինձ հետ. Բանավեճն ինձ համար ցանկալի է, սակայն դրա բացակայության դեպքում հաստատ ինքնասպանություն չեմ գործելու: Ի դեպ քո ոճը «եթե այսպես չես մտածում ուրեմն անիմաստ է քո հետ բանավիճելը» նույնպես շանտաժի տեխնոլոգիաների մեջ է մտնում ու խնդրում եմ, այլևս այդ ոճով ինձ հետ չխոսալ/ տականքի հասցեատերերի վերաբերյալ: Կարծում եմ այդ ժամանակ հասցեատերերն առավել քան կոնկրետ անձինք էին. Գեներալ Մանվելն ու այլ գեներալներ, որոնց միանալը շարժմանը ուներ կենսական նշանակություն: Սա նաև ուղղված էր պետական ապարատի դեռ չկողմնորոշված հատվածին:

    Էլի բոմժի մասին: Էլի եմ կրկնում, կոնտեքստն այստեղ կարևոր չի, քանզի ես չեմ ասել թե Լևոն Տեր-Պետրոսյանն է բոմժ դարձնելու Գագիկ Ծառուկյանին, ես ասել եմ հետևյալը. «Եվ Խաչատուր Սուքիասյանը, և Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը, և Ռուբեն Հայրապետյանը պետք է հարստանան, զարգացնեն իրենց բիզնեսը, դուրս գան այլ շուկաներ /այլ ոչ թե դառնան բոմժ, ինչպես կասեր Լևոն Տեր-Պետրոսյանը Գագիկ Ծառուկյանի մասին/» : Խոսքմ ամենևին այլ բանի մասին է, խնդրում եմ վերընթերցիր տվյալ հատվածը:

    «Հայլուր», առաջին աղբյուր: Ես «Հայլուր» չեմ նայում: Առաջին աղբյուրից ինֆորմացիա ստանալու իմ հնարավորությունները բավականին մեծ են և ես օգտագործում եմ դրանք: Նրանք են`նախկին ու ներկա նախարարներ, պատգամավորներ, տարբեր քաղաքական և հասարակական կազմակերպությունների ղեկավար կառույցների անդամներ /նաև ՀԱԿ-ի/, վերլուծաբաններ, քաղաքագետներ, իրավաբաններ /ի դեպ նաև համաշխարհային ճանաչման/, զինվորական և ոստիկանական անձինք /նաև գեներալներ/, համալսարանական, մտավորական և այլ շրջանակներ: Աշխարհագրությունը չի սահմանափակվում միայն Հայաստանով, ընդգրկում է նաև այլ երկրներ /ավելի նվազ չափով/, մասնավորապես եվրոպական կառույցներ, Ֆրանսիա, Վրաստան /վերլուծական, համալսարանական շրջանակներ/, Թուրքիա /լրագրողական, վերլուծական շրջանակներ/, նույնիսկ Ադրբեջան /3 վերլուծաբանի հետ մշտական կապի տեսքով/: ԿՀՎ-ի կամ ՊԱԿ-ի հետ կապեր հարկավոր չէ փնտրել, նրանք շատ հաճախ եղել են ու կան իմ դասախոսները, որոշ դեպքերում նաև իմ ընկերները:

    «Ներմուծելու» մասին: Պետք չէ մտածել, որ այն ինչ մտածում եմ ԿՀՎ հատուկ ստորաբաժանման աշխատանք է, ոչ բոլորովին: Ազդեցության խմբեր ստեղծելն ու որոշում ընդունողների վրա ազդելը բավականին լայնորեն կիրառվող տարբերակ է, որ իրականացվում է աշխարհում, սկսած մեծ ու փոքր ձեռնարկություններից, քաղաքներից ու գյուղերից մինչև մասնագիտական խմբակներ ու արհմիություններ: Այն ինչ ես առաջարկում եմ գաղտնի ինչ որ օպերացիա չի, դա բարեխիղճ, ազնիվ անձանց ամենահնարավոր ձևերով օժանդակությունն է, իրենց ասպարեզներում հաջողության հասնելու համար: Ավելորդ կոնսպիրալոգիա պետք չէ փնտրել:

    Շնորհակալ եմ մեկնաբանությունների համար:

    RépondreSupprimer
  7. Ce commentaire a été supprimé par l'auteur.

    RépondreSupprimer